ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անկեղծ զրույց լռության, տգիտության, ատելության և ամեն ինչի մասին

Անկեղծ զրույց լռության, տգիտության, ատելության և ամեն ինչի մասին
24.03.2009 | 00:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Երևանում անցկացնում է թուրքական ֆիլմերի փառատոն։ «23,5» վերտառությունը կրող այս փառատոնի մեկնարկը նախատեսված էր 2008-ի հունվարին` որպես «Ադրբեջանի օրեր Հայաստանում» աղմկահարույց ծրագրի շարունակություն, սակայն կասեցվեց և հնարավոր եղավ իրականացնել միայն այս տարվա մարտի 13-ին։ Հարյուրից ավելի ֆիլմերի դիտումներից հետո ընտրվել է յոթ կարճամետրաժ ֆիլմ` վավերագրական, խաղարկային և անիմացիոն։ Ֆիլմաշարի ընդհանուր տևողությունը 89 րոպե է։ Փառատոնն ընթացքի մեջ է մինչև մարտի 31-ը։ Միակ` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի մրցանակակիրը որոշվելու է կինոդիտողի քվեարկությամբ։ Հաղթող ֆիլմի ռեժիսորը կհրավիրվի Հայաստան։ Փառատոնի կազմակերպիչների կարծիքով` միջոցառումը հնարավորություն է տալիս, որ ոչ թե հայերը խոսեն թուրքերի մասին, թուրքերը` հայերի, այլ նրանք խոսեն միմյանց հետ։ Ընտրված ֆիլմերի թեմատիկ բազմազանության շնորհիվ բացահայտվում են թուրք երիտասարդ կինոգործիչների մտահոգություններն ու խնդիրները։
«Ցախը», «Երբ ջարդված է սառույցը» ֆիլմերը պատկերում են գյուղական կյանքը, չքավոր մարդկանց կենցաղը։ Մի դեպքում կրթության իրավունքը նվաճելու անհավանական դժվարություններն են, մյուսում` հանապազօրյա հացը վաստակելու համար մաքառումից հոգնած մարդը։
«Դատարկ գլուխներ» անիմացիոն ֆիլմը համընդհանուր խնդիրներ է առաջ քաշում։ Ասես հատուկ ծրագրով մարդիկ շարունակում են ապրել և գործել, բայց արդեն առանց ուղեղի և անառողջ դատողության։ Համընդհանուր տգիտությունը ծիծաղ և տագնապ է հարուցում։
«Լռություն» ֆիլմն ընտանեկան դրամա է։ Փոքրիկ տղան նկարում է իրենց տան լարված, վիրավորող լռությունն ու կտրում հոր գլուխը։ Սա գլխատված մանկության գլխատված ընտանիքի ողբերգությունն է։
Ստամբուլի երիտասարդների անկեղծ զրույցն է ներկայացնում «Կապիտալ-իստ-ամբուլ» փաստաֆիլմը։ Մեծ քաղաքի անընդհատ, արագ ու քաոսային վազքի մեջ երջանկության համար տեղ չի մնում։ Քաղաքից գնալ և քաղաքում մնալ են ուզում միաժամանակ։ Հազարավոր մարդիկ կան այս նույն զգացումով, նույն դժվարություններով, նույն անհանգստությամբ և չգիտեն անգամ, թե ինչից են վախենում։
Ասելիքի ինքնատիպությամբ աչքի է ընկնում «Աջաբա» ֆիլմը` ծեր և միայնակ մարդու մասին, որը շրջում է Ստամբուլի փողոցներով և իր մենակությունը փարատում պատահական մարդկանց հետ շփումներով։ Առանց զույգի մեկ կոշիկ է վաճառում տարօրինակ ծերուկը։ Օրվա վերջում կոշիկը գտնում է իր գնորդին։ Նա մեկ ոտք չունեցող հաշմանդամ էր... Ալի Բեթիլը ներկայանում է «Հրանտ (ֆիրաթ)» փաստավավերագրական ֆիլմով։ Տեսանյութերը նկարել է երիտասարդ ռեժիսորը։ Մեզ ծանոթ իրականությունը տպավորիչ ու խոսուն է դարձնում հայկական երգը, որ հնչում է նաև թուրքերենով` «Վարդ ցանեցի, փուշ բուսավ»։
Առաջատար ֆիլմերն արդեն հայտնի են։ Հասկանալի պատճառներով դրանք չբարձրաձայնվեցին։
«23,5» փառատոնի շրջանակներում աշնանը նախատեսված է հայկական ֆիլմերի փառատոն Թուրքիայում։ Հուսանք, որ հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների այս ինքնատիպ զրույցը կլինի անկեղծ և շարունակական։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4173

Մեկնաբանություններ